Ես Մանեսեցի եմ, այժմյամ Ալավերդի քաղաքից, որը մինչ օրս անամոթաբար հորջորջվում է թուրքական անունով։
Մեր փոխարեն Հովհաննես Շիրազն էր ամաչում։
Երբ եկել էր Ալավերդի` չէր ուզում շուրթերը պղծել թուրքերենով։ Մեզ դիմելով, ասում էր` Աստվածատուր քաղաքի սուրբ բնակիչներ...
Էդ սրբերից մեկն էլ ես էի. էնքան էր դուրս գալիս էդ անունը... Մեր քաղաքը երկրին պղինձ էր տալիս, որը հռչակված էր ամբողջ աշխարհում։ Մեր ձորից պղինձը արդյունահանվել էր անհիշելի ժամանակներից, բայց պարբերական արդունահանմանն այստեղ, հատկապես, զարկ էր տրվել ֆրանսիացիների կողմից։ Ֆրանսիացու բրիչը միայն հանքերում չէ, որ բախվել էր կարծր հանքաքարին։ Ֆրանսիացի ինժեներ Ժակ դը Մորգանի բրիչը 1880-ական թվականին պեղել էր Ալավերդու և Ախթալայի հովիտները։ Մինչ այդ 1871թվականին Ակներ գյուղում Ալեքսանդր Երիցյանի բրիչը բախվել էր բրոնզեդարյան հուշարձանին` առաջինը ազդարարելով Հայաստանում գիտական հնագիտության սկիզբը։
Լոռեցիները մինչ պղնձարդյունաբերության հաստատվելը` ապրում էին ձորի պռնկին, սարահարթերում։ Պղնձաձուլական գործարանը ստիպեց մարդկանց բնակություն հաստատել խոր ձորում` բնակատեղին այդ ֆրանսիացիների միջամտությամբ կոչելով Մանես։
Թուրքական անունը, թե ոնց մեր քաղաքին կպավ, դա մեկ էդ անունը տվողին է հայտնի, մեկ էլ Աստծուն։
Միայն էն գիտեմ, որ մինչև 30-ական թվականների վերջերը` քաղաքն այդ կոչվում էր Մանես։
Մեր քաղաքին ոչ միայն ուրիշներն են անուն տվել, այլև մեր քաղաքն է անուններ ստեղծել, արտահայտություններ, որ ձորից բնավեր թռչունի պես թև առել-թռել տարածվել էր ողջ Հայաստանով մեկ` մոռացության մատնելով իր իսկ ձվադրման վայրը։
Խոսքս,հատկապես, վերաբերում է «պեչենու բաղեր» արտահայտությանը։
Ես, երբ 1999 թվականին գրեցի «Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը» գիրքը, էն ժամանակ լավ էլ գիտեի, որ պեչենու բաղեր արտահայտության բնօրրանը մեր քաղաքն է, բայց չգիտես ինչու ծանուցում չէի արել։
Էսօր ուզում եմ սխալս ուղղել։ Բայց մինչ այդ, ցանկանում եմ մի քիչ գլուխ գովալ։
«Պեչենու բաղեր» գիրքս թեև գեղարվեստով փոքր ինչ զիջում է հետագայում տպագրածս գրքերին, բայց բովանդակությամբ խիստ արժեքավոր գրվածք է, քանզի, համարձակորեն կարող եմ ասել, առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է, որ վավերական ճշգրտությամբ իր մեջ ներառում է Հայոց համազգային շարժման սկիզբն ու ընթացքը։ Ես ու Արմեն Շեկոյանը, միտինգներից անբացակա, դիտում էինք այդ հուժկու շարժումը և գլուխ, գլխի տված վերլուծում` ոգևորվում, երբեմն էլ հեգնում։ Արմենը խոսում էր (նա աներևակայելի սթափ դիտողականություն ուներ), իսկ ես` արտագրում։ Դա մի բացառիկ պատմական ժամանակաշրջան էր, երբ թնդանոթները խոսում էին, իսկ մուսաները լռում, մինչդեռ իմ մուսան բերանը մինչև ականջները բաց, խոսում էր ու խոսում...
Ինձ մնում էր տեսածս ու լսածս Արմենի հետ մարսել և իրիկունները միայնակ գրի առնել, թե չէ մեկ էլ ե՜րբ էր գրականության համար այդաստիճան պատեհ, աննախանձելի ժամանակ լինելու։ Արմենի զգոն, սթափ ու նաև հեգնախառն արտահայտություններն ինձ օգնում էին տեսնել շարժման ոչ միայն լուսավոր, այլև ստվերոտ կողմերը։ Մի դրվագ մեջբերեմ. մի երտասրդ կրքոտ պաթոսով գուժում էր.
- Երկիր Նաիրի վրա սև ամպեր են կուռակվել...
Նույն պահին ևեթ Արմենը թեքվում էր ականջիս.
- Մեր կազինոյից ա,- շշնջում էր,- ամեն քայլը սկսվում ա հարյուր դոլարից...
Օպերայի հարթակի վրա ներկան էր, դեմքերն ու դեպքերը, բայց երբ այդ պատկերները զգոն ընկալեիր` նրա մեջ կտեսնեիր նաև ապագան։ Դրա համար էլ գիրքս ավարտվում էր «Պեչենու բաղերը» պատմվածքով, այսինքն աբսուրդային իրավիճակով, որի մեջ հայտնվել էր մի ողջ ժողովուրդ։
Հիմա անցնենք «պեչենու բաղեր» արտահայտության բացատրությանը.
Ալավերդի քաղաքի ծայրամասում` Սանահին
կայարանին մերձ, կար մի հիմնարկ, որ կոչվում էր` Пути чрезвычвйного наблюдения: Այդ հիմնարկը կրճատ հապավումով կոչվում էր` ՊԵՉԵՆ։ Այդ հաստատությանը մերձ պտղատու այգիներ կային։ Ալավերդցին, երբ մեկին ցանկանում էր ամենածայրամաս ուղարկել, ասում էր, մինչև պերչենու բաղերը։ Այսինքն, էստեղ պեչենը ոչ մի աղերս չուներ ռուսական գալետի հետ, և ոչ էլ դա կապ ուներ մի երևակայական այգու հետ, որի ծառերին պեչենիներ են աճում։ Մինչև էդ արտահայտությունը կտարածվեր Հայաստանում, այն ձեռք էր բերել փոխաբերական իմաստ, որում գերակշռում էր աբսուրդը։
... Հլա տեսեք որտեղից եկանք` որտեղ հասանք...
Ղարաբաղյան շարժումով սկսեցինք ու հասանք «Իրական Հայաստան», մի կատարյալ աբսուրդի թատրոն, որի տարածքները հիմա էլ ծավալվում են պեչենու բաղերում։
06.03.2025 թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ